ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը,
-առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,
- արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է,
որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը»: