ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Սպիտակ Տանը, ներկայացրել է «Իսլամական պետության» դեմ պայքարի իր ծրագիրը: Միացյալ Նահանգները մտադիր չեն ԻՊ-ի դեմ պայքարի համար ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա և Իրաք, սական նրանց դեմ կարող են օգտագործվել ամերիկյան հատուկ ստորաբաժանումները: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին Օբաման հայտարարել է արտերկրում ահաբեկիչների դեմ ռազմական ուժ կիրառելու մասին բանաձևի նախագիծը Կոնգրեսին ուղարկելու ժամանակ:
«Բանաձևը չի ենթադրում ԱՄՆ ցամաքային ուժերի տեղակայում Իրաքում և Սիրիայում: Այն չի թույլատրում Իրաքի և Աֆղանստանի նման ևս մեկ ցամաքային պատերազմ: Իրաքում գտնվող ԱՄՆ զինծառայողները մարտական առաքելություն չունեն, նրանց նպատակն է օգնել իրաքյան բանակի վերապատրաստմանը: Իսկ իսլամիստների դեմ ռազմական գործողություններն իրականացվելու են հակաահաբեկչական կոալիացիայի դաշնակիցների աջակցության և օդուժի միջոցով», -ասել է Օբաման:
«Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը չպետք է Մերձավոր Արևելքում ևս մեկ երկարատև պատերազմի մեջ ներքաշվի: Սա չի համապատասխանում մեր ազգային անվտանգության շահերին, և դա չի պահանջվում «Իսլամական պետության« ոչնչացման համար», - հայտարարել է Օբաման: Նրա խոսքերով, «ԻՊ-ի դեմ ցամաքային ռազմական գործողություններն իրականացնելու են ազգային զինված ուժերը, որոնք ավելի լավ գիտեն իրենց երկրների առանձնահատկությունները»:
Միաժամանակ Օբաման նշել է, որ նոր բանաձևը բավական ճկուն է, քանի որ ենթադրում է արտերկրում ահաբեկիչների դեմ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կիրառում: Դրանք կարող են ներգրավվել, եթե , օրինակ, հետախուզական տվյալներ ստացվեն զինյալների ղեկավարների գտնվելու վայրի մասին, իսկ տեղի անվտանգության ուժերն անկարող կլինին հարվածել նրանց: Օբաման հայտարարել է, որ նման դեպքերում «ամերիկյան հատուկ ստորաբաժանումներ ներգրավելու հրաման կտվի»: Սակայն նա հավելել է, որ «որպես գլխավոր հրամանատար՝ զորքեր կուղարկի այնտեղ, ուր վտանգավոր է, միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ լինի ԱՄՆ ազգային անվտանգության համար»: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ բանաձևի նախագիծը լիազորում է ահաբեկիչների դեմ զինված ուժերի կիրառում միայն 3 տարվա ընթացքում: «Չեմ կարծում, որ անվերջանալի պատերազմները համապատասխանում են ԱՄՆ-ի շահերին», - պարզաբանել է Օբաման:
Ինչպես նշում է BBC-ն, վերջին անգամ ԱՄՆ ղեկավարը ռազմական գործողություն իրականացնելու համար Կոնգրեսի հավանությունը խնդրել է 2002 թվականին: Այդ ժամանակ Ջորջ Բուշ-Կրտսերի հարցումը վերաբերում էր Սադամ Հուսեյի դեմ արշավին: Հատկանշական է, որ նախկինում Օբաման բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ ԻՊ-ի դեմ ցամաքային ուժեր կիրառել, և ահաբեկիչերի դեմ պայքարը սահմանափակվելու է հակաահաբեկչական կոալիցիայի օդուժի հարվածներով:
Միաժամանակ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաաֆարին հայտարարել է, որ երկրի կառավարությունը երբեք չի խնդրել մեկ այլ պետության մասնակցել ԻՊ-ի դեմ ցամաքային պատերազմին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Իրաքի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները ցամաքային ուժեր ներգրավելու մասին չեն խնդրել հակաահաբեկչական կոալիցիայի պետություններից և ոչ մեկին: «Մենք մեծ պատերազմի առաջ ենք կանգնած… Սակայն Իրաքի զինված ուժերը զինծառայողների պակաս չունեն», - ասել է Իրաքի արտգործնախարարը ավստրալացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո: