Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպել է Ջավախքի պատգամավորների հետ

14:22     12 փետրվարի, 2015

 Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ, ովքեր ներկայացնում են Սամցխե-Ջավախեթիի մեծամասամբ հայերով բնակեցված շրջանները: Ըստ  նախարարության մամուլի ծառայության՝ սա ազգությամբ հայ պատգամավորների հետ արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը կայացել է 2014թ-ի դեկտեմբերի 17-ին պատգամավոր Ռուսլան Պողոսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Արդարադատության նախարարի հետ փետրվարի 11-ի հանդիպմանը ներկա են գտնվել Նինոցմինդայի շրջանի պատգամավոր Հենզել Մկոյանը, մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, «Վրացական երազանքի» պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, ինչպես նաև արդարադատության փոխնախարարներ Միխայիլ Սարջվելիձեն, Ալեքսանդր Թաբատաձեն և Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար Սոսո Գիորգաձեն:

Արդարադատության նախարարը նշել է, որ առաջին հանդիպումից հետո, որին մասնակցել էր միայն Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը, հաջողվել է լուծել քաղաքացիների համար կարևոր մի շարք խնդիրներ: Նա հայտնել է իր գոհունակությունը, որ այլ պատգամավորներ ևս միացել են քննարկմանը: Նախարարը հավաստիացրել է, որ նման հանդիպումներ պետք է անցկացվեն պարբերաբար, քանի դեռ տարածաշրջանի քաղաքացիների բոլոր խնդիրները, այդ թվում՝ փաստաթղթերի հետ կապված, չլուծվեն: Ինչպես պարզ է դարձել առաջին հանդիպումից հետո, Ջավախքի որոշ քաղաքացիներ դեռ ունեն խորհրդային անձնագրեր, ինչը նախարարությունը փորձում է լուծել՝ նոր անձնագրերի տրամադրմամբ:

Նշենք նաև, որ օրերս վրացական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Ջավախքի մոտ 5000 բնակիչ ընդունել է Հայաստանի քաղաքացություն՝ այդ փաստը գաղտնի պահելով Վրաստանի իշխանություններից: Նման որոշում կայացնելու պատճառը եղել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը, քանզի Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանն ունի առանց վիզային ռեժիմ: Սակայն, ՀՀ քաղաքացիություն ընդունելով, տվյալ անձինք մեխանիկորեն զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, որովհետև Վրաստանում երկքաղաքացիության մասին օրենք չի գործում: Ստեղծված իրավիճակը շտկելու համար տեղացիները Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ստորագրահավաք:

Հատկանշական է այն հանգամանքը, որ տվյալ մեխանիզմից օգտվել են ոչ միայն Վրաստանի ազգությամբ հայ, այլ նաև վրացի քաղաքացիներ: Վրացական իշխանությունների կողմից նկատվում է, որոշակի պատրաստակամություն խնդրի լուծման ուղիներ գտնելու հետ կապված, ինչը մի կողմից պայմանավորված է հայ-վրացական բարձր մակարդակի շփումներով, մյուս կողմից՝ այն հստակ գիտակցումով, որ տեղացիների արտագնա աշխատանքը և ստացվող տրանսֆերտները հանդիսանում են տարածաշրջանում առկա  սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հիմնական միջոցներից մեկը:




© armedia.am