Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հապաղել ևս մեկ անգամ հանդիմանելու ԱՄՆ վարչակազմին՝ ԱՄՆ կողմից Կուբայի դեմ սահմանված պատժամիջոցները «անմարդկային և անարդար» անվանելով: Իր Կուբա պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է. «Մենք չենք համարում ԱՄՆ կողմից Կուբայի դեմ կիրառվող պատժամիջոցները մարդկային և արդար» ,- հաղորդում է РИА НОВОСТИ լրատվականը: Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները Թուրքիայի և Կուբայի միջև ցածր առևատրաշրջանառության պատճառ են դարձել, որը ներկայումս կազմում է 28 միլիոն դոլար: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը պատրաստ է ուղիղ թռիչքներ սահմանել Ստամբուլից Հավանա և հակառակ ուղղությամբ:
Նշենք, որ Կուբան Կոլումբիայից հետո երկրորդ երկիրն է, որ Թուրքիայի նախագահը այցել է իր՝ այս Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ընթացքում: Հաջորդ երկիրը, որ Էրդողանը ծրագրում է այցելել շրջագայության ընթացքում դա Մեքսիկան է: Թուրքիայի նախագահի Լատինական Ամերիկա այցը, որը երկրորդն է 1995 թվականից հետո, նպատակ ունի զարգացնել Թուրքիայի և Լատինական Ամերիկայի երկրների միջև հետագա հարաբերությունները մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում:
ԱՄՆ-Կուբա հարաբերությունների համատեքստում Էրդողանի այցը Կուբա առանձնակի ուշադրության է արժանի: Նշենք, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերություններում սկսեց առաջընթաց նկատվել, երբ նախորդ տարի դեկտեմբերին՝ հիսունամյա ընդմիջումից հետո, երկու երկրները որոշում կայացրեցին փոխադարձաբար բացել դեսպանատներ և բանտարկյալներ փոխանակել: Սակայն ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ դեռ շարունակվող պատժամիջոցները հաշվի առնելով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Կուբայի միջոցով փորձում է որոշակի ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ Թուրքիա-ԱՄՆ լարված հարաբերություններում հավելյալ դիվիդենտներ քաղելու նպատակով: