Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը հայտարարել է, որ, Մինսկի համաձայնություններով պայմանավորված, Եվրահանձնաժողովը կվերսկսի բանակցությունները գազի վերաբերյալ ԵՄ-ի, Ուկրաինայի և ՌԴ-ի միջև, հաղորդում է Ինտերֆաքսը:
Երեկ երեկոյան Բրյուսելում կայացած ԵՄ ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո Յունկերը պարզաբանել է, որ բանակցությունները հարկավոր է վերսկսել, որպեսզի 2015թ. ձմռանը «այլևս չբախվենք այն խնդրի հետ, որի հետ բախվում էինք նախորդ տարիներին»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև տարաձայնություններ են առաջացել գազի գնի վերաբերյալ: Հունվարի 20-ին «Գազպրոմի» տնօրեն Ալեկսեյ Միլլերը հատարարել է, որ Ուկրաինայի համար գործող գազի գնի զեղջը կդադարի գործել ապրիլի 1-ից: Իր հերթին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, որ Կիևը պետք է վճարի պարտքը:
Յունկերը նաև նշել է, որ ԵՄ գագաթաժողովին չի քննարկվել Թուրքիայով ԵՄ գազ մատակարարելու հարցը: «Սա մատնանշվել է, բայց չի քննարկվել»,-ասել է Յունկերը: