«Ռուսաստանը հրթիռային համակարգեր է տեղակայել Դեբալցևոյի շուրջ եւ հրթիռակոծում է ուկրաինական դիրքերը: Մենք համոզված ենք, որ կրակ են բացում հենց ռուսական զորքերը եւ ոչ թե անջատողականները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին: Վերջինս մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող մարտերի կապակցությամբ, որոնք ընթանում են խիտ բնակեցված շրջաններին բավականին մոտ:
Ավելի վաղ Պսակին հայտարարել էր Ռուսաստանից Ուկրաինայի արևելք ծանր զրահատեխնիկայի փոխադրման մասին: «Մենք հաղորդագրություններ ենք ստացել վերջին մի քանի օրերի ընթացքում ռուսական սահմանով դեպի Ուկրաինա տանկերի ու հրթիռային համակարգերի նոր փոխադրումների մասին»,-հայտարարել էր նա:
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, «ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկում ստորագրված փաստաթուղթը ներառում է սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ծրագիր, որը լիովին իրագործելի է»:
«Անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել: Մենք ուշադիր կհետեւենք դրան եւ գործընթացին օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ կվարենք: Եթե հրադադարի ռեժիմը պահպանվի, կարծում եմ` մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումները»,-հայտարարել է Ջ. Պսակին: