ԱՄՆ-ում Սփյուռքի ներկայացուցիչները հերքել են գյուլենականների հետ համագործակցության մասին Դավութօղլուի մեղադրանքները

10:30     14 փետրվարի, 2015

ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մի շարք ականավոր գործիչներ հերքել են Թուրքիայի վարչապետի այն մեղադրանքները, թե սփյուռքի կառույցները համագործակցում են գյուլենականների հետ:

Օրերս ելույթ ունենալով  Ստամբուլում ԱԶԿ-ի 5-րդ համաժողովում` Դավութօղլուն հայտարարել էր, թե հայկական լոբին հրեական եւ հունական լոբիստական կառույցների հետ միասին ապրիլի 24-ին ընդառաջ մի շարք գործողություններ է իրականացնում Թուրքիայի դեմ: Դավութօղլուի խոսքով այս կառույցների հետ է գործում նաեւ «մեկ այլ լոբի», խոսքը վերաբերում էր գլուլենական շարժման ներկայացուցիչներին:  

 Ի պատասխան Ակոս շաբաթաթերթի հարցմանը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մի շարք ականավոր ներկայացուցիչներ հերքել են այս մեղադրանքները: Ավելին նրանք նշել են, որ գյուլենականների եւ հայկական համայնքի միջեւ հարաբերություններն ԱՄՆ-ում այնքան էլ հարթ չեն: Մասնավորապես ԱՄՆ-ում Հայ փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներից Էդվին Մինասյանը նշել է` այն փաստը, որ հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ աշխատում են գյուլենական շարժման հետ առնչություն ունեցող հանրակրթական դպրոցների փակման ուղղությամբ, հստակ վկայում է, որ երկու խմբերի միջեւ հարաբերությունները հարթ չեն:  

Միաժամանակ Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տնօրեն Արամ Համփարյանը  նշել է, որ Գյուլենի հետեւորդներն ԱՄՆ-ում բացահայտ եւ ակտիվ կերպով պայքարում են հայկական համայնքի գործունեության դեմ: Նրա խոսքով, գյուլենականներն ամեն կերպ խրախուսում են Թուրքիայի կառավարության քայլերը` կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը   եւ պաշտպանում են Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում: 


© armedia.am