Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները առաջարկել են եռակողմ Կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրանիայի Սահմանադրության փոփոխությունների հարցը, հայտնում է Interfax-ը: Դոնբասում խաղաղ կարգավորման հարցերով Կոնտակտային խմբի բանակցություններում ԴԺՀ պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտնել է, որ քանի որ Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ նախատեսվում են իրականացնել 2015թ-ին, ապա իրենք առաջարկում են արդեն սկսել դրա շուրջ քննարկումները: Նա նաև հիշեցրել է, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկը ընդունվել է փետրվարի 12-ին Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում, որով ենթադրվում է երկրի ապակենտրոնացում, ինչն էլ կօգնի ճգնաժամի հաղթահարմանը:
Իսկ թե կոնկրետ ինչ առաջարկություններով են հանդես գալիս Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները, հետևյալն են. Սահմանադրության մեջ պետք է ամրագրվեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «հատուկ կարգավիճակ», «առանձին մարզեր», «առանձին շրջաններ»: Ավելին, ինքնահռչակ հանրապետությունները առաջարկում են Ուկրաինայի առանձին շրջաններին պատվիրակել լիազորություններ, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն ձևավորել տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը և սահմանել կարգավիճակ: Առաջարկվում է նաև առանձին շրջաններում ստեղծել հատուկ տնտեսական գոտիներ՝ տեղական լիազորություններով: Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների առաջարկների մեջ է մտնում նաև Սահմանադրությամբ ռուսաց լեզվին և երկրի այլ փոքրամասնությունների լեզուներին հատուկ կարգավիճակ տալը: