Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է Դանիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կասկածյալներից մեկին վնասազերծելու մասին: Ոստիկանները մայրաքաղաքի մետրոյի Ներրեբրո կայարանում նկատել են մի կասկածյալի: Իրավապահների` զենքը վայր դնելու կոչին ի պատասխան կասկածյալը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Հանցագործը սպանվել է պատասխան կրակից: Ոստիկանների հավաստիացմամբ, վերջինս, ամենայն հավանականությամբ, երեկ Կոպենհագենում իրականացված ահաբեկչական հարձակման մասնակիցներից է:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին դիմակավորված երկու անձ ժամանել են Կոպենհագենի մշակույթի կենտրոն, որտեղ ընթացել են քննարկումներ «Արվեստը, կրոնական անարգանքը եւ խոսքի ազատությունը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի դեսպանը, ծաղրանկարիչ Լարս Վիքսը, ով 2007 թ.-ից ի վեր բազմիցս սպառնալիքներ է ստացել իր հասցեին` Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ հեղինակելու պատճառով: Հանցագործների բացած կրակի հետեւանքով զոհվել է մեկ տղամարդ, ոստիկանության երեք աշխատակից վիրավորվել է:
Այս միջադեպից ժամեր անց հրաձգություն է տեղի ունեցել նաեւ Կոպենհագենի կենտրոնում գտնվող սինագոգներից մեկում: Զոհվել է մեկ մարդ, երկու ոստիկան վիրավորվել է:
Այս դեպքերից հետո մայրաքաղաքում ահաբեկիչներին հայտնաբերելու լայնածավալ գործողություն է սկսվել:
Դանիայի վարչապետը հայտարարել է, որ հարձակումներն, ամենայն հավանականությամբ, կապ ունեն Փարիզում հունվարին Շարլի Հեբդո շաբաթաթերթի գրասենյակի վրա իրականացված հարձակման հետ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը մեկնել է Դանիա` գործընկերների հետ քննարկելու ստեղծված իրավիճակը: