Թուրքական Ջիզրա քաղաքում քրդերի հանրահավաքն ավարտվել է ոստիկանների հետ բախումներով: Մարդիկ փողոց են դուրս եկել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալության օրը: Թուրքական աղբյուրների հավաստիացմամբ, հանրահավաքի մասնակիցները հրահեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Իսկ վերջիններս արտասվաբեր գազ են գործի դրել: Կան ձերբակալվածներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արգելված է Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը: Ավելի քան երեք տասնամյակ շարոնակվող թուրք-քրդական հակամարտության արդյունքում զոհվել է շուրջ 40 հազ. մարդ:
Տեղեկանք
Աբդուլա Օջալանը ծնվել է 1949թ. ապրիլի 4-ին թուրքական Օմերլի գյուղում:
1971-74թթ. ուսանել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, սակայն ուսումը չի ավարտել: 1974թ. քաղաքական խումբ է կազմավորել, որը ձախ, սոցիալիստական ուղություն է ունեցել` ազգայնական որոշակի ուղղվածությամբ:
1978-ին այս խմբի հիման վրա ձևավորվել է Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն այժմ արգելված է Թուրքիայում:
1980թ. Օջալանը գաղթել է Սիրիա, որտեղ զինված խմբավորումներ է հավաքագրել` հանուն Քրդաստանի անկախության պայքարելու նպատակով: Մինչև 1998թ. Օջալանն ապրել է Դամասկոսում: Սակայն 1998-ի հոկտեմբերին Սիրիայի նախագահ Հավեզ Ասադն Անկարայի ճնշման ներքո ստիպված էր Օջալանին խնդրել լքել երկիրը:
Վերջինս մի շարք երկրներում` Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, ապաստան գտնելու անհաջող փորձերից հետո 1999թ. փետրվարի 15-ին Քենիայում առևանգվում է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից, որոնք Օջալանին փոխանցում են թուրքական հատուկ ծառայությանը:
Քրդերի առաջնորդն այժմ բանտարկված է Մարմարե ծովի Իմրալի կղզում: Աբդուլա Օջալանը դատապարտված էր մահապատժի, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:
2013-ի հունվարին Թուրքիայի կառավարությունն Օջալանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում հակամարտության քաղաքական կարգավորման ծրագիր կազմելու շուրջ: Համաձայն ծրագրի Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները պետք է լքեին Թուրքիան, փոխարենը բանտից ազատ պետք է արձակվեին շարժման հետ կապի մեջ մեղադրվող մի շարք ակտիվիստներ: Միաժամանակ նոր սահմանադրության մեջ պետք է ամրագրվեր Թուրքիայի բոլոր ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը: