ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ուկրաինայում հրադադարի ձեռք բերումը, սակայն մտահոգություն է հայտնել Դեբալցևոյում ռազմական գործողությունների շարունակականության մասին հաղորդագրությունների կապակցությամբ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի մեկնարկը, որը ձեռք է բերվել Մինսկի համաձայնագրերի իրականացման միջոցառումների փաթեթի շրջանակում փետրվարի 12-ի պայմանավորվածությունների հիման վրա»,-գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրությունն է մեջբերում РИА Новости գործակալությունը: Բացի այդ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Դեբալցևոյի շրջանում ռազմական գործողությունների շարունակականության մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
Միաժամանակ ՄԱԿ Անվտանգության խորհրդում երեկ հետաձգվել է Ուկրաինայում իրավիճակի շուրջ ռուսական կողմի առաջարկած բանաձևի նախագծի քննարկումն ու ընդունումը:
Փաստաթղթի նախագիծն Անվտանգության խորհուրդ էր ներկայացվել ուրբաթ` փետրվարի 13-ին: Նախագիծն աջակցություն է հայտնում «նորմանդական քառյակի» և կոնտակտային խմբի բանակցությունների արդյունքներին, փաստաթղթում մտահոգիչ են գնահատվում տարածաշրջանի ողբերջական իրադարձությունները, նշվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ ուկրաինական կողմին բանաձևի նախագիծը չի գոհացրել: Կիևի համար մտահոգիչ է եղել հատկապես այն ձևակերպումը, որով փաստաթուղթը կոչ է անում պահպանել հրադադրը: Ուկրաինան ցանկանում է, որպեսզի փաստաթուղթն ուղղակիորեն պահանջի անհապաղ և ամբողջովին դադարեցնել կրակը: Անվտանգության խորհրդի անդամներին մտահոգել է նաև փաստաթղթի այն դրույթը, որով Մոսկվան առաջարկում է ՌԴ տարածքից մարդասիրական բեռների մշտական փոխադրումներ թույլ տալ դեպի Դոնբաս: