«Իսլամական պետության» զինյալների կողմից Եգիպտոսի քաղաքացի 21 ղպտիների գլխատումից հետո Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով և խոստացել վրեժ լուծել նրանց համար: Եգիպտոսի նախագահը յոթօրյա համազգային սուգ է հայտարարել: Գլխատվածները ծայրահեղականների կողմից գերեվարվել էին 2014 թվականի վերջին, և մինչ այժմ նրանց ճակատագրի մասին հստակ տեղեկություն չկար:
Եգիպտոսի ղեկավարը հանձնարարել է երկրի արտգործնախարար Սամեհ Շուքրիին բանակցություններ սկսել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և մատնանշել, որ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են համաշխարհային անվտանգությանը, հայտնում է newsru.com-ը՝ հղում անելով եգիպտական Al Ahram-ին: Եգիպտոսն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ պատասխան տալ իր քաղաքացիների արյան համար, հայտարարել է երկրի նախագահը: Նրա ելույթից առաջ տեղի է ունեցել երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո Սիսին ասել է. «Ահաբեկչությունը քայլում է աշխարհում՝ տարածելով իր թույնը: Մենք և ողջ միջազգային հանրությունը բախվել ենք ահաբեկչական կազմակերպության դեմ կատաղի պատերազմին: Ժամանակն է նրանց դեմ վճռական գործել առանց երկակի չափանիշների»: Ինչպես հայտնում է TASS-ը, Աս-Սիսին վստահեցրել է, որ Եգիպտոսը պատասխանելու է իր քաղաքացիների սպանությանը: Նույն աղբյուրը հայտնում է, որ ղպտիկական եկեղեցին արդեն հայտարարել է, որ «հանցագործների արդար պատիժը» ամբողջովին վստահում է Եգիպտոսի իշխանություններին:
BBC-ն հայտնում է, որ եգիպտական օդուժը երկուշաբթի առավոտյան ավիահարվածներ է հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին: Եգիպտական իշխանությունները պարզաբանել են, որ հարվածների նպատակը վերապատրաստական բազաներն են, ճամբարներն ու զինամթերքի պահեստները: Ականատեսների վկայությամբ հարվածը հասցվել է Լիբիայի արևելյան Դերնա քաղաքի վրա:
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Լիբիայում քրիստոնյաների դաժան սպանությունը: Ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին՝ կոչ անելով օգնել Լիբիայի և Եգիպտոսի իշխանություններին և պատժել մեղավորներին: Ինչպես նշում է TASS-ը, ԱԽ-ի անդամներն ընդգծել են, որ «ԻՊ-ն պետք է պարտության մատնվի, իսկ նրա տարածած անհանդուրժողականությունը, բռնությունն ու ատելությունը պետք է արմատախիլ արվեն»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս իր ցավակցություններն է հայտնել ԱՄՆ ժողովրդի անունից: Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերով Քերին նաև «քննադատել է ահաբեկչության այդ զազրելի ակտը»:
Նշենք, որ Եգիպտոսն ուղղակի մասնակցություն չի ունեցել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ իրականացվող ավիահարվածներին՝ իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացնելով իր երկրի սահմաններում իսլամիստների դեմ պայքարի վրա: Reuters-ի տվյալներով Լիբիայի զինյալները կապ են հաստատել եգիպտական Սինայ թերակղզում գործող ահաբեկչական խմբավորման հետ, որը վերջերս հրաժարվել է «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» անունից և վերցրել «Վիլայեթ Սինայ» անունը՝ հավատարմության երդում տալով ԻՊ-ին: