Փետրվարի 11-14-ը տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Սերգեյ Շոյգուի այցը Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, բոլոր երկրներում էլ նախարարը բանակցություններ է անցկացրել և պայմանագրեր ստորագրել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Բանակցությունների օրակարգը մանրամասն չի լուսաբանվել: Հայտնի է, որ Վենեսուելայում Շոյգուն պայմանավորվել է համատեղ զորավարժությունների անցկացման մասին: Այնտեղ նրան պարգևատրել են «Ազգային անվտանգության ապահովման բնագավառում վաստակի համար» շքանշանով:
Նիկարագուայում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր երկրի նավահանգիստներ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մուտքի պարզեցված կարգի մասին, ինչպես նաև բացվել է տեղագրական կենտրոն ռուսական սարքավորումներով:
Նշենք, որ Ռուսաստանը Նիկարագուայի հետ պայմանագիր ունի Նիկարագուայի հսկայական ջրանցքի կառուցման տեղանքի անվտանգությունն ապահովելու մասին: Նրա շինարարությունը սկսվել է 2014թ. չինական HKND ընկերության կողմից: Հիշեցնենք, որ 278կմ երկարություն ունեցող այս ջրանցքը կլինի ավելի երկար, խորը և լայն, քան Պանամայի ջրանցքն է:
Lenta.ru-ի մեկնաբան Իլյա Կրամնիկի կարծիքով, բացի շինարարության պահպանումից ակնհայտ է, որ Ռուսաստանը մասնակցում է նաև ջրանցքի ենթակառուցվածքի ստեղծմանը, որի մասն է կազմում նոր բացված տեղագրական կենտրոնը:
Ինչպես նշում է Հետխորհրադային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վիկտոր Միզինը, Սերգեյ Շոյգուի շրջայցը հանդիսանում է Կրեմլի քաղաքականության դրսևորումը, որն, Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, փորձում է առավել սերտ հարաբերություններ կարգավորել այն երկրների հետ, որոնց հետ Մոսկվան ավանդաբար կապեր է պահպանել դեռ ԽՍՀՄ ժամանակներից: