Հյուսիսային Իռլանդիայի բնակիչ Փոլ Մանուկը կոչ է արել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կառավարություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա վստահ է, որ իր պապը սպանվել և թաղվել է հայկական զանգվածային գերեզմանոցում, գրում է Telegraph-ը: Նրա խոսքերով Օսմանյան Թուրքիայի զինվորները մեկ դար առաջ հավաքել են իր պապին և մյուս տղամարդկանց ժամանակակից արևելյան Թուրքիայում, և նրանց այլևս ոչ ոք չի տեսել:
«Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պատճառով Մեծ Բրիտանիան չի ցանկանում անդրադառնալ սրան: Իռլանդիան փոքր երկիր է, այդ պատճառով էլ հավանաբար նրանք կհետևեն Մեծ Բրիտանիային», - ասել է Փոլ Մանուկը:
Նրա հայրն այդ ժամանակ 6 տարեկան է եղել: «Տատս ամեն ինչ միանգամից հասկացել է, նա վերցրել է իմ հորը և 5 հորաքույրներիս և նրանք փախել են գյուղից: Իմ հայրը վերապրել է Ցեղասպանությունը»:
«Ես վստահ եմ, որ նրանք սպանել են այնտեղ մնացած մարդկանց և թաղել նրանց զանգվածային գերեզմանոցում», - նշել է Իռլանդիայի բնակիչը: