Չնայած փետրվարի 15-ին հաստատված հրադադարին` ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում շարունակվում են: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Վերջինս նշում է նաև, որ «անջատողականները» արգելում են մտնել Դեբալցևո, որտեղ իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Այստեղ շարունակում է ուկրաինական զինուժի` շրջափակումից դուրս գալու փորձերը: Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնեցկի իշխանությունները Դեբալցևոյում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական զինուժի 6-8 հազար զինվորներին պատրաստ են կանաչ միջանցք տրամադրել: Սակայն ուկրաինական զինուժը հրաժարվում է դուրս գալ շրջափակումից առանց զենքի և տեխնիկայի, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը:
Դեբալցևոյում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ևս մեկ անգամ կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուրդ Բասուրինն այսօր հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում գրանցվել է հրադադարի խախատման 27 դեպք: Նա տեղեկացրել է, որ ուկրաինական զինուժը մի շարք բնակավայրերի ծանր հրետանի է մոտեցնում: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կիևը, ռազմական գործողություններ հրահրելով, մտադիր է հրաժարվել Մինսկի համաձայնություններից »,-ասել է Բասուրինը: Նշենք նաև, որ ուկրաինական օդուժն այսօր ռմբակոծել է Դոնեցկի օդանավակայանը:
Շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում թե Կիևում, թե Դոնբասում հրաժարվում են զինտեխնիկան հետ քաշել, քանի դեռ չի հաստատվել համընդհանուր զինադադար:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Միսնկում Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման կոնտակտային խումբը ընդունել էր «Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միջոցառումների կոմպլեքս» փաստատթուղթը, որով մասնավորապես նախատեսվում էր հրադադարի հաստատում, զորքի հետքաշում և անվտանգության գոտու ստեղծում: