Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Բուդապեշտ, որտեղ նա կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, «Հունգարիան Ռուսաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է»` հատկապես հաշվի առնելով Ռուսաստան-Եվրոպա լարված հարաբերությունները: Փաստորեն, դիտարկելով Պուտինի այցը այս համատեքստում, կարելի է ասել, որ ՌԴ նախագահը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ Ռուսաստանը այդքան էլ մեկուսացված չէ: Հիշեցնենք, որ Բուդապեշտը անցյալ տարի դեմ էր արտահայտվել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին` ասելով, որ դրանք ավելի շատ վնասում են Եվրոպային, քան Ռուսաստանին
Ինչ վերաբերում է այցի օրակարգին, ապա արդեն հայտարարվել է, որ կողմերը քննարկելու են բանկային համակարգի, մեքենաշինության և զբոսաշրջության հետ առնչվող հարցեր: Սակայն Պուտինի այցի հիմնական նպատակը Հունգարիայի հետ գազի մասին նոր պայմանագիր կնքելն է: Նշենք, որ ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը: Գործող պայմանագիրը, որը կնքվել էր 1996թ, ապահովում է Հունգարիայի գազի պահանջարկի 90 տոկոսը: Սակայն ՌԴ նախագահի այցի նախօրեին Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել է, որ չի պատրաստվում Ռուսաստանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել` բացատրելով, որ գազի գինը հաջորդ երկու-երեք տարվա ընթացքում կարող է կտրուկ փոխվել: Անդրադառնալով գազի նոր պայմանագրին` Political Capital կենտրոնի վերլուծաբան Պիտեր Կրեկոն նշել է. «Հարցը կայանում է նրանում, թե Պուտինը ինչ քաղաքական գին կպահաջի: Նա ցանկանում է ճնշում գործադրել ԵՄ ամենաթույլ օղակների վրա Եվրոպայի միասնությունը խախտելու նպատակով»:
Նշենք, որ կողմերը պետք է քննարկեն նաև նախորդ տարվա հունվարին Մոսկվայում կնքված համաձայնագիրը: Այն նախատեսում է, որ Մոսկվան Բուդապեշտին 10մլդ եվրո վարկ է տրամադրելու «Պակշ» ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար: