Օրերս Հունաստանի արդյունաբերական վերակառուցման, շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Անայոտիս Լաֆազանիսը հայտարարել է, որ հունական կառավարությունն աջակցում է TAP-ի կառուցմանը, սակայն ոչ բավարար է համարում այն եկամուտը, որը երկիրը կարող է ստանալ իր տարածքով իրականացվող գազի տրանզիտի դիմաց:
Այս հայտարարությունն անպատասխան չի մնացել ադրբեջանական կողմից և երկուշաբթի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ SOCAR-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայումս անհնար է Հունաստանի համար իջեցնել ադրբեջանական գազի գինը, որը կմատակարարվի Անդրադրիատիկյան գազամուղով (TAP):
Ըստ նրանց՝ գների նվազեցումը չի համապատասխանում միջազգային պրակտիկային: «Եթե պայմանագիրը կնքված է 25 տարով, ապա այն նախատեսում է գների փոփոխություն միայն շուկայական իրավիճակի կտրուկ փոփոխությունների դեպքում: Սակայն դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ սկսվի գազի մատակարարումը: Այն դեռևս չի մատակարարվում, բնականաբար, գների փոփոխության մասին խոսելու որևէ իմաստ չկա»,- նշել են SOCAR-ի ներկայացուցիչները:
Նրանք նաև ավելացրել են, որ գազի գինը կախված չէ ոչ հունական, ոչ ադրբեջանական կողմից: «Պայմանագրի գնային բաղկացուցիչը ստորագվել է հունական ընկերության և Հունաստան գազի մատակարարումներ իրականացնելու ուղղությամբ բանակցություններ վարած ընկերությունների կոնսորցիումի միջև: Մեխանիզմը մշակվել և ստորագրվել է հունական ընկերության և, այսպես կոչված, Արտահանման հարցերով բանակցային խմբի միջև: Այն բանից հետո, երբ պայմանագիրը ստորագրվել է, այդ խումբը դադարեցրել է իր գոյությունը, այդ իսկ պատճառով որևէ մեկի հետ բանակցել հնարավոր չէ»,- նշել են նրանք:
Անդրադառնալով նաև Հունաստանից հնչող կոչերին՝ բարձրացնել ադրբեջանական գազի տրանզիտի դրույքաչափը, SOCAR-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե այդ հարցը պետք է լուծվի ԵՄ մակարդակով: