ԵԱՀԿ-ն Դոնբասի հակամարտող կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ հրադադարը խախտող գործողություններից: ԵԱՀԿ գործող նախագահ Ի. Դաչիչի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հուսով եմ, որ բոլոր կողմերը պատասխանատվության բարձր մակարդակ կցուցաբերեն` հարգելով և պահպանելով հրադադարի ռեժիմը բոլոր շրջաններում, այդ թվում` Դեբալցևոյում»: Դաչիչի խոսքով, չի կարելի բաց թողնել խաղաղ կարգավորման այս հնարավորությունը ևս:
Մինչ այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը նույնպես կոչ էր արել ամեն ջանքով պահպանել Մինսկում չորս երկրների ղեկավարների կողմից համաձայնեցված և խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում ընկած պայմանավորվածությունների ողջ փաթեթը: Նա նման կերպ է արձագանքել ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ներկայացուցիչների այն հայտարարությունը, թե հրադադարը հաստատվել է ամենուր, բացի Դեբալցևոյից, որտեղ ապստամբները շրջապատել են մի քանի հազար ուկրաինացի զինծառայողի, իսկ տարածքը համարում են իրենցը և որտեղ կարելի է կրակ բացել:
Պեսկովը նաև հայտնել է, որ գործողությունների ողջ հաջորդականությունը նշված է Միսկի համաձայնության իրականացման փաթեթում և բոլոր այդ պայմանները պետք է անպայման պահպանվեն:
Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ԵԱՀԿ դիտորդներին չեն թույլատրել մուտք գործել Դեբալցևո, որտեղ նրանք կարող էին հետևել հրադարի պահպանմանը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է դիտորդական առաքելության ղեկավար Էրտուգրուլ Ապականը:
ԴԺՀ-ի առաջնորդներից Դենիս Պուշիլինն, անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների հետ կապված միջադեպին, նշել է, որ ԵԱՀԿ-ի կողմից Դեբալցևոյի շրջան այցելելու որևէ դիմում նախօրոք չի ներկայացվել «այդ իսկ պատճառով նրանց չի հաջողվել մտնել քաղաք»:
Ըստ ԵԱՀԿ ներկայացուցիչների՝ Դեբալցևոն հանդսանում է այն կետերից մեկը, որտեղ նրանք պատրաստվում են հետևել հրադադարի պահպանմանը: Ամենավտանգավոր կետերն են համարվում Դեբալցևոն, Մարիուպոլը և Դոնեցկի օդանավակայանը: Ներկայումս մշակվում է տեխնիկական միջոցներով դիտարկումների իրականացման պլան, որը նախատեսված է Մինսկի համաձայնագրով:
«Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) ղեկավարները կիրակի կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման ռեժիմը: Ըստ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի՝ բոլոր կողմերը համակարծիք են, որ «հրադադարը պետք է պահպանվի շփման գծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Դեբալցևոյում»:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի վերջերին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ուժերին հաջողվել է Դեբալցեվոյում շրջափակման մեջ վերցնել ուկրաինական զինված ուժերի և ազգային գվարդիայի շուրջ 8000 զինծառայողի: Արդեն շուրջ երկու շաբաթ Դեբալցեվոյի «կաթսայում» տեղի են ունենում կատաղի մարտեր: Ապստամբները փորձում են ամեն կերպ պահել շրջափակման օղակը, իսկ ուկրաինացի զինվորականները փորձում են այն ճեղքել:
Նշենք, որ անգամ Մինսկի համաձայնագրի ձեռք բերումից հետո Դեբալցևոյի հարցը մնում է անորոշ: Երկու կողմերն էլ այդ տարածքը համարում են իրենցը: ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն այս կապակցությամբ անգամ հայտրարարել է, որ Դեբալցևոյի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածություններում «որևէ խոսք չկա» և խոստացել է չեզոքացնել շրջափակումից դուրս գալու ուկրաինացի զինվորների բոլոր փորձերը: