Պրիստոնի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Վիլյամ Էնգդալը իր` վերջերս տպագրված հոդվածում նշում է, որ մեր մոլորակի գերբնակեցումից եկող մարտահրավերների մասին առասպելն անհիմն կերպով ուռճացված է մարդկության առավել ունևոր ընտանիքների ներկայացուցիչների, մասնավորպես Ռոկֆելլերների կողմից:
Այս ընտանիքի անդամները 1930-ականներին հովանավորել են «հետազոտական» նախագծեր Հառլեմում և միջոցներ են հատկացրել Երրորդ Ռեյխում կատարվող եվգենիկայի ոլորտում աշխատանքների համար: Երբ այս ներդրումներն իրենց չարդարացրին, 1952թ. նրանք մի փակ հանդիպում են կազմակերպում, որին ներկա են լինում բնակչության աճը վերահսկելու 30 ազդեցիկ կողմնակիցներ: Ահա հենց այս պահից էլ համաշխարհային ԶԼՄ-ներում սկսում է շրջանառվել Երկիր մոլորակի գալիք գերբնակեցման մասին առասպելը: Այս ժամանակներից էլ ԱՄՆ-ում սկսում են հայտնվել ծնելիության նկատմամբ վերահսկողության զանազան ծրագրեր, որոնք ԱՄՆ կառավարության կողմից բացեիբաց կամ գաղտնի կերպով ներմուծվում են բնական պաշարներով հարուստ այնպիսի զարգացող երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Նիգերիան և Ինդոնեզիան:
Հեղինակի կարծիքով, Երկրի բնակչության ներկա մակարդակը պահպանելու համար յուրաքանչյուր կնոջ վրա միջինում պետք է ընկնի 2,1 ծնված երեխա: Գերմանիայում այդ թիվը 1,36 է, ինչը նույնիսկ ավելի վատ է, քան Իսպանիայում և Իտալիայում, որոնք համարվում են ավանդաբար անբարենպաստ երկրներ ծնելիության տեսակետից:
Իսկ այն առասպելը, թե միգրանտների հաշվին ծնելիության աճ կլինի, հենց թեկուզ ԱՄՆ-ում, չի համապատասխանում իրականությանը: Pew Research Center-ի տվյալներով, 2007թ. 1000 միգրանտ կանանցից միայն 102-ն է երեխա ունեցել, իսկ 2012-ին այդ թիվն իջել է մինչև 87,8:
Ինչ վերաբերում է բարձր ծնելիություն ունեցող երկրներին, ապա այնտեղ ևս ծնելիության տեմպերը կտրուկ նվազում են: Վերջին 50 տարում Մեքսիկայում ծնելիության գործակիցը մեկ կնոջ համար 7,3 երեխայից իջել է 2,4-ի, իսկ Հնդկաստանում 6-ից` 2,5:
Այնպես որ աշխարհի գերբնակեցվածության մասին լուրերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: