Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին Սերժ Սարգսյանի որոշմանը, նշել է, թե այդ քայլը չի վատթարացնի երկու երկրների միջև հարաբերությունները, հայտնում է news.am-ը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում պաշտոնյան հավելել է, որ այդ քայլով պաշտոնական Երևանն Անկարայից քայլեր է ակնկալում՝ ուղղված դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը:
«Սա հարաբերությունների վատթարացում չէ: Երկու երկրների միջև փոխհարաբերությունների վատթարացման համար նախադրյալներ չկան: Սա փաստի արձանագրում էր, Հայաստանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդառաջ քայլ անել»,-ասել է նա:
Ռուս պաշտոնյայի կարծիքով՝ Հայաստանը ցանկանում է, որ թուրքական կողմն ավելի ակտիվորեն մասնակցի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված գործընթացներին և որ Թուրքիա-Հայաստան երկխոսությունը շարունակվի: «Անհրաժեշտ է հանդիպել, քննարկել հետագա քայլերը»,-ասել է նա:
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: