Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

11:35     17 փետրվարի, 2015

Փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։ Նախարարը նաև հույս հայտնեց, որ դեսպան Քուիկն իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Քուիկն ընդգծեց, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իսկ ինքը կանի առավելագույնը` երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու համար:


© armedia.am