ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի համոզմամբ Աբխազիայի և Ռուսաստանի միջև չպետք է լինեն սահմաններ: Երկուշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին ռուս-աբխազական սահմանին գոյացող հերթերի մասին, նա պատասխանել է, որ անձամբ է տեսել այդ հերթերը՝ Սուխումիի ճանապարհին:
«Վերջին հաշվով այդ սահմանը պետք է հանել, մեր միջև սահմաններ չպետք է լինեն և դա նախատեսված է նաև Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված նոր պայմանագրով»,- հայտարարել է նախագահի օգնականը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է չկրճատել Աբխազիայի ֆինանսավորումը: «Այսօր Ռուսաստանում բարդ իրավիճակ է և մենք բոլորս դա գիտենք: Իրականացվում է բյուջետային ծախսերի կրճատում: Սակայն նախագահը որոշում է կայացրել չկրճատել Աբխազիային աջակցության հետ կապված ծախսերը»,- նշել է Սուրկովը և ընդգծել, որ երկու երկրներն ունեն հստակ և կանխատեսելի ապագա: Նշենք, որ դեռ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը խոստացել էր Աբխազիայում ներդրումային ծրագրերի համար տարեկան 4 միլիարդ ռուբլի հատկացնել:
Իր հերթին Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան նշել է, երկրում շարունակվելու են Ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները: «Կկառուցվեն ճանապարհներ և այլ օբյեկտներ: Սակայն ամենից շատ մեզ հետաքրքրում են երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը»,- նշել է Աբխազիայի ղեկավարը:
Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է երկու երկրների ղեկավարների կողմից 2014թ-ի նոյեմբերին՝ Սոչիում: Փաստաթուղթն ուղղված է անվտանգության և պաշտպանական ընդհանուր տարածքի ձևավորմանը, ինչպես նաև Աբխազիայի՝ տնտեսական և ինտեգրացիոն համագործակցության մեջ առավել արդյունավետ ներգրավվածությանը:
Պայմանագիրը հաստատում է ՌԴ-ի և Աբխազիայի միջև միջպետական հարաբերությունների հիմքերը սոցիալական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության խնդիրներով:
Պայմանագրի հիմնական նպատակը երկու երկրների առավել խոր ինտեգրումն է, և բաց սահմանների գաղափարը հանդիսանում է այդ գործընթացի հիմնական գաղափարներից մեկը: Չնայած աբխազական իշխանությունների կողմից պայմանագրի նախնական տարբերակների խմբագրմանը, տվյալ կետը պահպանվել է, ինչն արդեն իսկ վկայում է դրա կարևորության մասին: