Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման միջոցառումների կոմպլեքսի իրականացման ընթացքը: Կրեմլի մամլո ծառայությունը հայտնում է, որ կողմերը մասնավորապես անդրադարձել են հրադադարի ռեժիմի հաստատման, ծանր զինատեսակների հետ քաշման և Դեբալցևոյում տիրող իրավիճակի հետ առնչվող հարցերին: Երեք առաջնորդները նաև կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ խաղաղապահ առաքելության դերի վերաբերյալ:
Ավելի վաղ հրադադարի հաստատման արդյունքներն Ուկրաինայի նախագահը քննարկել էր Ֆրանսիայի իր պաշտոնակցի և Գերմանիայի կանցլերի հետ: Կողմերը մտահոգություն էին հայտնել Դոնբասսում և հատկապես Դեբալցևոյում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ: ԱՄՆ -ի պետքարտուղարությունը ևս լուրջ անհանգստություն է հայտնել այս կապակցությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Փսակին: Վերջինս կոչ է արել Ռուսաստանին և զինյալներին դադարեցնել մարտական գործողությունները, չխախտել Մինսկում ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները և կապ հաստատել ԵԱՀԿ առաքելության հետ:
Նշենք, որ Ուկրաինայի արևեքում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները արգելում են դիտորդական առաքելության մուտքը Դեբալցևո: Սակայն ԴԺՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Էդուրդ Բասուրինը հերքել է այս հայտարարությունը` այն որակելով որպես պրովոկացիա: Բասուրինը լրագրողներին հայտնել է, որ իրավիճակը Դոնբասսում ընդհանուր առմամբ կայուն է: ԴԺՀ պաշտպանության նախարարությունում հայտնել են նաև, որ պատրաստ են զենքի հետքաշմանը այն վայրերից, որտեղ հրադադարի ռեժիմը ամբողջությամբ պահպանվում է:
Նշենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը տեղեկացնում է Սեվերոդոնեցկում և Դոնեցկում շարունակվող մարտական գործողությունների մասին: