ՄԻ6-ի նախկին ղեկավար, սըր Ջոն Սոուերսը նախազգուշացրել է ուկրաինական ճգնաժամի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ գործադրված ճնշման ավելացումը թույլ չտալ: Նա նաև շեշտել է, որ Կրեմլի իշխանության ցանկացած փոփոխություն «կարող է իրավիճակն առավել բարդացնել»:
Արևմուքտը պետք է սովորի հանդուրժել Պուտինին, որքան էլ տհաճ դա լինի, Սոուերսն ասել է Լոնդոնի Արքայական քոլեջում ունեցած իր զեկույցի ժամանակ: Պուտինին հրահրելը, նրա կարծիքով, կխորացնի Եվրոպային սպառնացող անվտանգության ճգնաժամը:
«Ուկրաինական ճգնաժամն այլևս միայն Ուկրաինային չի վերաբերվում,- ասել է Սոուերսը,- Այն վերածվել է Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև շատ ավելի լայնամասշտաբ և ավելի վտանգավոր ճգնաժամի, որը վերաբերվում է եվրոպական արժեքներին և կարգին»:
Սոուերսի գնահատմամբ, «Արևմուտքը կարող է Մոսկվային ավելի կոշտ պատասխան տալ, օրինակ Ուկրաինային ինքնապաշտպանության համար զենք մատակարարելով կամ պատժամիջոցները խստացնելով, սակայն ինչպիսի՞ն կլինի Պուտինի արձագանքը դրան»:
Սոուերսը նաև նշել է, որ հանդարտության վերականգնման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի փորձերը պետք է ունենան Արևմուտքի աջակցությունը: «Հենց որ հանդարտվենք, պուտինյան Ռուսաստանի հետ գործելու նոր մոտեցման ձևավորման կարիք կառաջանա»: