ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: «Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար», - ասվում է Գալուստ Սահակյանին ուղղված նախագահի նամակում:
Խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը որպես դրական քայլ գնահատվեց հայերի մեծամասնության կողմից: Թուրքիայում լիովին հակառակ իրավիճակն արձանագրվեց: Թուրքական ԶԼՄ-ներում ՀՀ նախագահի որոշումը բնորոշվեց որպես «հետքայլ» հարաբերությունների կարգավորման գործընթացից: Թուրքիայի ԱԳՆ որոշ պաշտոնական աղբյուրներ այս որոշումը որակեցին իբրև «սխալ և ձախողված քայլ»: Սակայն հիմնականում թուրքական մամուլը պարզապես հաղորդեց փաստի մասին՝ ձերծ մնալով մեկնաբանություններից:
Բացի Թուրքիայից եկող արձագանքներից՝ կարծիքներ հնչեցին նաև միջազգային հանրությունից: Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովն, օրինակ, նշել է, որ նախագահ Սարգսյանի որոշումը չի կարող վատթարացնել երկու երկրների հարաբերությունները, և այս քայլով պաշտոնական Երևանը քայլեր է ակնկալում Անկարայից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Հայաստանի նախագահը կոչ է անում Թուրքիային քայլ կատարել», - ասել է Ջաբարովը:
2008 թվականին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ նոր փուլ սկսվեց հայ-թուրքական հարաբերություններում: Նոր փուլի արդյունքը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններն էին, որոնք 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Ցյուրիխում՝ նպատակ ունենալով դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանները երկու երկրների միջև: Այնուամենայնիվ, արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան հրաժարվեց ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների համաձայնագրերի իրականացումից: