Սփյուռքն աջակցում է արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշմանը

15:03     17 փետրվարի, 2015

 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների հետ կանչելը «ճիշտ ուղղությամբ քայլ» է համարում: Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի արձանագրություններից ստորագրությունների հետկանչը: «Ինչպես մենք շեշտում էինք 2009 թվականին, և ինչպես պարզ դարձավ այսօր, Հայաստանը երբեք չպետք է միակողմանի համաձայնագրեր ստորագրի», - հայտարարել է Համբարյանը:

«Չնայած Թուրքիայի ակնհայտ ստերին և անվերջանալի նախապայմաններին ու մանևրումներին, այս ֆարսը շատ երկար շարունակվեց: Չնայած Անկարայի բոլոր ջանքերին, որոնց նպատակն է Հայոց ցեղասպանությունը անպատիժ միջազգային հանցանքից իջեցնել սովորական երկկողմ հակամարտության մակարդակի, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը և սփյուռքը նախկինի պես միասնական են Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ճանապարհին», - Համբարյանի խոսքերը մեջբերում է Asbarez-ը:

Իր հերթին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ևս ողջունել է Սերժ Սարգսյանի որոշումը՝ այն անվանելով «ճիշտ ուղղությամբ կատարված քայլ»: Միաժամանակ նա զգուշացրել է, որ դա բավական չէ, քանի որ փաստաթուղթը նախկինի պես վտանգներ է պարունակում Հայաստանի համար, քանի որ Հայաստանի ստորագրությունը դեռևս դրված է այդ արձանագրությունների տակ:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նախագահը նշել է, որ «արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից, սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը»:


© armedia.am