Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

15:48     17 փետրվարի, 2015

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համաձայն ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:  

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։

Նախարարն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտադրությանը՝ նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը դրանով իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: «Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները», - ասված է հաղորդագրության մեջ։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաև Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների գործին՝ շեշտելով, որ Բաքվի փորձերը՝ նրանց ներկայացնել որպես «մոլորված անմեղ գառնուկներ» սնանկ են.
«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։


© armedia.am