Ընդդիմադիր «Ազգային զարթոնք» կուսակցությունը որոշել է մասնակցել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին` դառնալով թվով չորրորդ կուսակցությունը, որը հայտնել է ընտրություններին իր մասնակցության մասին: Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կուսակցությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով: Մինչ այդ ընտրություններին մասնակցելու մասին հայտնել էին նաև ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերը` «Ազատ հայրենիք»-ը, Դաշնակցությունը և Արցախի դեմոկրատական կուսակցությունը:
Նշենք, որ 2015թ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այն ԼՂՀ օրենսդարական մարմնի թվով վեցերորդ ընտրությունն է: ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններն անց են կացվում 5 տարին մեկ:
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ունի 33 պատգամավոր, որոնցից 22-ը ընտրվելու են համամասնական, իսկ 11-ը` մեծամասնական ընտրական կարգերով: Այս հարաբերակցությունը սահմանվել է 2014թ հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից հաստատված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով:
Նշենք նաև, որ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների և կուսակցական դաշինքների ընտրացուցակների ընդունման ժամկետ է սահմանել մարտի 9-19-ը: Իսկ թեկնածուների գրանցումը կիրականացվի մարտի 19-ից մինչև մարտի 29-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում: