- Երեկ ավարտվեցին Եվրախմբի և Հունաստանի միջև բանակցությունները վերջինիս ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ: Կողմերը չեկան համաձայնության, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
- Նախ նշեմ, որ Հունաստանի տնտեսական ճգնաժամի շուրջ առկա իրավիճակը, դրա հաղթահարման ուղիների շուրջ Աթենքի և Բրյուսելի տարաձայնություններն արդեն երկար ժամանակ է`շարունակվում են: Պարզապես բանն այն է, որ Աթենքը մինչ այս չուներ այն իշխանությունը, որը դեմ կգնար Բրյուսելին: Արտահերթ ընտրություններում նորընտիր իշխանությունները վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ ժողովրդի քվեն ստացան` իրենց արշավը կառուցելով հենց խնայողության խիստ միջոցներից և «Եռյակից» (ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ) ժողովրդին ազատելու վրա:
Ցիպրասը դարձավ այն մարդը, ով Բրյուսելի առջև նախապայմաններ դրեց և նույնիսկ հայտարարեց ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից ֆինանսական օգնություն խնդրելու պատրաստակամության մասին: Երկրի պարտքը կազմում է 320 միլիարդ եվրո, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է պետական բյուջեն: Այս իրավիճակում հնարավոր ելք գտնելը դժվար է թե՛ Հունաստանի, և թե՛ Եվրագոտու համար:
Ասում են, թե այսօր արվում է ամեն ինչ՝ փոխհամաձայնության գալու համար, սակայն իրականությունն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը պարզապես իր կարծիքներն ու տեսլականն է առաջ տանում: Աթենքը փոխհամաձայնության բազմաթիվ փորձեր ձախողելուց հետո, երկուշաբթի օրը կայացած Եվրախմբի հատուկ նիստին ներկայացրել է երկրի ֆինանսների նախարարության մշակած ծրագրային առաջարկը: Դրա գլխավոր կետերից մեկը «կամուրջ-համաձայնությունն» էր, որը ենթադրում էր, որ փետրվարի վերջից մինչ օգոստոսն ընկած ժամանակահատվածի համար Հունաստանին կտրամադրվի միջանկյալ օգնություն: Սա իրենից ներկայացնում է ավելի ցածր տոկոսներով վարկի տրամադրում: Այս ժամանակաշրջանում Հունաստանը նախատեսում է սկսել տնտեսության վերականգնման ծրագիր: Հույներն առաջարկում են փետրվարի 28-ին ավարտվող վարկային ծրագիրը երկարաձգելու փոխարեն այն դադարեցնել և անցումային ժամանակաշրջան սահմանել մինչ օգոստոս ամսվա վերջ. այս ընթացքում կմշակվեն նոր ձևաչափեր` անցումային շրջանում տնտեսության վերականգնման համար: Եվ խոստանում են, որ մինչև սեպտեմբերի 1-ը երկիրը համաձայնեցրած կլինի իր պարտատերերի հետ հետագա համագործակցության պայմանները:
Եվրախմբի այս նիստը վճռորոշ կարելի էր համարել, քանի որ երկու կողմերն էլ հայտարարում էին, որ կշարունակեն բանակցությունները հանդիպման ընթացքում ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Այնուամենայնիվ, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ. ԵՄ-ն հայտնեց, որ պատրաստ է բանակցությունները շարունակել միայն ներկայիս ծրագրի՝ ևս վեց ամսով երկարաձգման պարագայում, իսկ Աթենքին այս ծրագրի պայմանները ձեռք չեն տալիս:
Իրադարձությունների նման զարգացումն իր հետ տարաբնույթ հետևանքներ կարող է առաջացնել` Հունաստանի կողմից երրորդ երկրներից օգնություն խնդրելուց սկսած մինչև եվրոյի գոտին լքելը: Չնայած վերջինիս նախադեպը դեռևս գոյություն չունի, և այդ քայլն աղետալի հետևանքներ կարող է ունենալ եվրագոտու համար, Գերմանիայի կանցլերն արդեն իսկ դիտարկում է երկրի եվրագոտուց դուրս գալն ու դրա հետևանքները: Սակայն իրավիճակը կորուստային կարող է համարվել երկու կողմի համար էլ:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ շեշտել՝ ինչ քայլեր էլ որ կառավարությունը նախաձեռնի Բրյուսելի հետ բանակցություններում, հույն ժողովուրդն իր ներկայացվածությունն է տեսնում այս իշխանություններում և հետևաբար սատարում է նրանց որոշումներն ու նախաձեռնությունները: