Ամիսներ առաջ թուրքական Bianet լրատվական գործակալության կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության մասին իրական պատմությունների շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է գործակալության գլխավոր խմբագիր Հալուք Քալաֆաթի հետ: Հարցին, թե որն է եղել գործակալության շարժառիթը պատմությունները հրատարակելիս, պրն. Քալաֆաթը պատասխանել է, որ բազմաթիվ քայլեր կան, որոնք կարող են հանգեցնել հայ և թուրք հասարակությունների հաշտեցմանը, և այն ծրագիրը, որի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին իրական պատմություններ են հավաքագրվել, այդ քայլերից մեկն է: Նա նշել է, որ իրենց շարժառիթն է օգնել հայ և թուրք ժողովուրդներին, որ խոսեն, քննարկեն և հասկանան միմյանց: Խոսելով «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի մասին՝ Քալաֆաթն ասել է, որ ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմությունների «նպատակն է առերեսվել Ցեղասպանության հետ առանց նախապաշարմունքների, քանի որ դրանք լուծման գլխավոր խոչընդոտն են: Մեր առաջնահերթ պարտքը պետք է լինի երկու կողմերում նախապաշարմունքների հաղթահարումը»:
«Արմեդիա» գործակալության այն հարցին, թե երբ է նա առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին, պրն. Քալաֆաթն ասել է. «Երբ ես առաջին անգամ լսեցի Հայոց ցեղասպանության մասին, ավագ դպրոցում էի սովորում: Եվ, անկեղծ ասած, ես չհավատացի դրան, քանի որ թուրքական կրթական համակարգը հերքում է Ցեղասպանությունը: Դպրոցներում մեր պատմության դասերը մեզ պատմում են մեր նախնիների հերոսության մասին, բոլոր դասընթացներում մենք լսում են նույն նախապաշարմունքներն այն մասին, որ թուրք ժողովուրդը լավն է և կատարյալ»:
Խոսելով հայ և թուրք հասարակությունների մերձեցման հնարավորությունների մասին՝ Bianet գործակալության գլխավոր խմբագիրը նշել է. «Նման ծրագրերը մեզ ճշմարտությունն են պատմում, օգնում են ավելի լավ հաղորդակցվել և ավելի լավ հարաբերություններ հաստատել երկու երկրների և ժողովուրդների միջև…»:
Bianet լրատվական գործակալությունն այն թուրքական գործակալություններից մեկն է, որոնք հրատարակեցին «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի և «Արմեդիա» ՏՎԳ-ի ջանքերով և Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմությունները: