ԱՄՆ-ն և Թուրքիան ծրագրում են կնքել, այսպես կոչված, «Վարժեցրու և զինիր» նոր ռազմական պայմանագիր, որով՝ երկու երկրները պարտավորվում են վարժեցնել և զինել Սիրիայում, այսպես կոչված, «չափավոր» ընդդիմության զինյալներին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ Իսլամական պետություն կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում, ԱՄՆ-ն պատրաստվում է ուղարկել 400-ից ավելի զինծառայող, այդ թվում հատուկ գործողության զորքեր, ովքեր Սիրիայի սահմաններից դուրս կվարժեցնեն «չափավոր» ընդդիմության զինյալներին: Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը պաշտոնապես համաձայնել են տարածքներ տրամադրել՝ երեք տարի շարունակ անցկացնելու նման զորավարժություններ, որոնց կմասնակցի տարեկան մոտ 5000 զինյալ:
«Բանակցությունները ավարտվել են, և շուտով ԱՄՆ-ի հետ կստորագրվի համաձայնագիր Սիրիայի ազատ բանակի զինյալներին վարժեցնելու նպատակով: Մեր կողմից պայմանագրի տեխնիկական մանրամասները կտրամադրվի այն ստորագրելուց հետո», - նշել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը: