Կայացել է ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Էշթոն Քարթերի երդմնակալության արարողությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սպիտակ Տանը գտնվելու 6 տարիների ընթացքում Քարթերը կդառնա Պենտագոնի չորրորդ ղեկավարը՝ այս պաշտոնում փոխարինելով Չակ Հեգելին: Ինչպես հայտնում է Голос Америки-ն, Քարթերի երդմնակալությունը տեղի է ունեցել Սպիտակ Տանը: Արարողությունը ղեկավարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը պատմել է, որ Քարթերի ելույթը նվիրված է եղել նրան, որ ԱՄՆ-ի համար «եկել է հնարավորություններից կառչելու ժամանակը»: Վերոնշյալ աղբյուրի համաձայն ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը հայտարարել է, որ չնայած ողջ աշխարհում տեղի ունեցող ցնցումներին և վտանգներին՝ «ինքը պատրաստ է դժվար որոշումներ կայացնել երկիրը և նախարարության աշխատակիցներին պաշտպանելու համար»:
60-ամյա Էշթոն Քարթերը մասնագիտությամբ ֆիզիկոս է: Երկար ժամանակ աշխատել է ԱՄՆ ազգային անվտանգության կառույցներում: Ինչպես նշում է Голос Америки-ն, Պենտագոնում Քարթերը պատասխանատու է եղել զինամթերքի ձեռքբերման համար, սակայն 2 տարի առաջ նա չներառվեց Պենտագոնի ղեկավարների թեկնածուների ցուցակում, և Օբաման այս պաշտոնում նշանակեց Սենատում Քարթերի նախկին գործընկեր Չակ Հեգելին:
Քարթերը եղել է Հեգելի և նրան նախորդող պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի տեղակալը: Դեռևս մեկ տարի առաջ Քարթերը պատասխանատու էր 600 միլիարդանոց ռազմական բյուջեի համար և ղեկավարում էր 2,4 միլիոն զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատանքը: Մասնագետները նշում են, որ Քարթերը բավական հմուտ է ժամանակակից բարձր տեխնոլոգիական զինատեսակների ոլորտում:
Քարթերի թեկնածությունն առաջարկել է Օբաման, իսկ փետրվարի 12-ին ԱՄՆ Սենատը հաստատել է նրա թեկնածությունը: Քարթերը ստիպված է լինելու բախվել բավական բարդ խնդիրների հետ, այդ թվում «Իսլամական պետության» դեմ պայքարը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Մասնագետները նշում են, որ Քարթերը Ռուսաստանի դեմ կոշտ միջոցների կողմնակից է: Ավելի վաղ նա հայտարարել է, որ արևմտյան պետությունները չպետք է Ռուսաստանին իրավունք տան դիտարկել նախկին խորհրդային պետությունները, այդ թվում Ուկրաինան, որպես իր հատուկ շահերի գոտի: Նա նաև նշել է, որ կոչ է անելու ԱՄՆ այնպիսի դաշնակիցներին, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, ուժեղացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես նշում է news.liga.net-ը, նա նաև հայտարարել է, որ ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար մտադիր է հանդես գալ Ուկրաինային տրամադրվող օգնության, այդ թվում նաև մահաբեր զինամթերքի ավելացման օգտին: