Փետրվարի 18-ի երեկոյան Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուրդ Բասուրինը հայտարարել է, որ Դեբալցևոն արդեն ամբողջությամբ գտնվում է աշխարհազորայինների հսկողության տակ: Նա նաև հայտարարել է, որ առանց զենքի ինքնակամ հանձնված զինվորականները կհանձնվեն իրենց բարեկամներին, իսկ մարտերի ընթացքում գերի ընկածները կփոխանակվեն` ըստ ռազմագերիների փոխանակության ընթացակարգի: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ` փետրվարի 18-ին, հայտարարել էր, որ ուկրաինական զորքի մեծ մասը դուրս է հանվել Դեբալցևոյից:
Նշենք նաև, որ երեկ երեկոյան Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ Պորոշենկոն առաջարկել է Դոնբասում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել: Նախագահի կարծիքով, խաղաղապահ առաքելության ամենալավ ձևաչափը Եվրամիության «ոստիկանական առաքելությունն» է: «Վստահ եմ, որ ստեղծված իրավիճակում դա կլինի անվտանգության ամենաարդյունավետ երաշխիքը»,-նշել է նախագահը: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևը նման խնդրանքով ՄԱԿ-ին և ԵՄ-ին կդիմի, եթե երկրի խորհրդարանը հավանություն տա այս առաջարկին: Նա նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է խաղաղապահներին տեղակայել Դոնբասում` շփման գծի մոտ, և ուկրաինական սահմանապահների կողմից չհսկվող ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հանդես է եկել այս առաջարկության քննադատությամբ` նշելով, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին, որոնց համաձայն Դոնեցկում և Լուգանսկում պետք է ստեղծվի սեփական ոստիկանություն, իսկ շփման գծում դիտորդական առաքելություն պետք է իրականացնի ԵԱՀԿ-ն:
Հիշեցնենք, որ արևմուտքը հրադադարի ռեժիմի չպահպանման մեջ մեղադրում է Ռուսաստանին և «վերջինիս կողմից ռազմական աջակցություն ստացող անջատողականներին»: Այսպես, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Մոսկվային դադարեցնել «ռուսական և անջատողական» միավորումների հարձակումները Դեբալցևոյում: Այս մասին փոխանցում է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Պետքարտուղարը նաև կոչ է արել Ռուսաստանին ապահովել ԵԱՀԿ դիտորդների մուտքը Դեբալցևո»,- նշել է Փսակին: Մոսկվային Մինսկի համաձայնագրերը կատարելու կոչ է արել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը: