Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի ընտրեց երկրի նոր նախագահին: Խորհրդարանի վստահությանն արժանացավ ներքին գործերի նախկին նախարար, պահպանողական հայացքների կրող և եվրոպամետ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Նա առաջադրվել էր իշխող Սիրիզա և «Անկախ հույներ» կուսակցությունների կողմից: Նրա թեկնածությունը պաշտպանել էր նաև «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որի կողմից նա բազմիցս առաջադրվել է որպես պատգամավոր:
Ընտրության ընթացքում Պավլոպուլոսի թեկնածությունը ստացավ 233 կողմ ձայն, և առաջին փուլի արդյունքում ընտրությունը կայացավ:
Չնայած, որ Հունաստանում նախագահի պաշտոնը ներկայացուցչական բնույթ է կրում, 2014թ.-ի դեկտեմբերին խորհրդարանականները չկարողացան համաձայնության գալ թեկնածուի ընտրության հարցում, ինչն էլ հանգեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Վարչապետ Ցիպրասի խոսքերով, Պավլոպուլոսն ունի «դեմոկրատական հոտառություն» և մեծ ժողովրդականություն է վայելում, «ինչպես հանրության շրջանում, այնպես էլ խորհրդարանում»:
Տեղեկանք
65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսը մասնագիտությամբ իրավաբան է: 1977-ին Փարիզի Սորբոնի համալսարանի կողմից ստացել է հանրային իրավունքի ոլորտում դոկտորի աստիճան: Նա տարիներ շարունակ զբաղվել է գիտական գործունեությամբ և մի շարք գրքերի հեղինակ է: «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրվելով՝ 1996թ. ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, այնուհետև վերընտրվել է 2000, 2004, 2007, 2009 և 2012 թվականներին:
Պավլոպուլոսը համարվում է երկրի նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսի վստահված անձանցից: Նրա կառավարման տարիներին 2004-2009թթ. Պավլոպուլոսը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նրանք այնքան մտերիմ էին, որ նորընտիր նախագահը հայտարարում էր, որ կլքի քաղաքականությունը՝ Կարամանլիսի՝ պաշտոնից հեռանալու պարագայում: Այնուամենայնիվ, հակառակ իր խոստումանը, նա մնաց խորհրդարանում մինչ 2015թ.: