ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, նշել, որ անկեղծորեն ուրախ է, որ այսուհետ սպորտի բնագավառը ևս, հատկապես՝ շախմատը, կներառվի երկկողմ փոխգործակցության ոլորտների ցանկում:
Արաբական կողմը նշել է, թե խորապես տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ եղած առանձնահատուկ վերաբերմունքով, շախմատի դասավանդման հաջողված փորձով և որ իրենք հետաքրքրված են այս ոլորտում ՀՀ հաջողված փորձն ուսումնասիրելու և այն ԱՄԷ-ում կիրառելու հարցում:
Սերժ Սարգսյանը ողջունել է շախմատի ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությունը զարգացնելու Էմիրությունների հետաքրքրվածությունն ու ցանկությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման գործում: