Ղազախստանում ցանկանում են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել՝ չնայած ժամանակացույցի համաձայն նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան 2016 թվականին: Ինչպես հայտնում է TASS-ը, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը դիմել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ «խնդրելով արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել»: Փետրվարի 16-ին Ղազախստանում իշխող “Նուր Օտան” կուսակցությունը հանդես եկավ այս նախաձեռնության աջակցությամբ: Եթե Նազարբաևը բավարարի պատգամավորների այս խնդրանքը, համապատասխան որոշման հրապարակումից երկու ամիս հետո Ղազախստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևն անընդմեջ զբաղեցնում է Ղազախստանի նախագահի պաշտոնը 1991 թվականի դեկտեմբերից: 2011 թվականին նա վերընտրվել է չորրորդ անգամ: Թեև երկրի Սահմանադրությունն արգելում է միևնույն մարդուն 2-ից ավել անգամներ ընտրվել որպես երկրի նախագահ, Նազարբարևի համար՝ որպես Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, բացառություն է արվել:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու այս նախաձեռնությունը մասնագետները տարբեր կերպ են մեկնաբանում: Ոմանք կարծում են, որ այս որոշումը կապված է ներքին և արտաքին խնդիրների հետ, ինչի մասին նշվում է անգամ Նազարբաևին ուղղված խորհրդարանի ստորին պալատի ուղերձում. «Աճող համաշխարհային տնտեսական ճգնաժամի և դժվարին միջազգային օրակարգի պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին համազգային նախաձեռնությունը ժամանակի պահանջն է: Ժողովրդի առաջնորդին վստահություն հայտնելը կմիավորի ժողովրդին միջազգային զարգացման նոր փուլում՝ հնարավորություն տալով բոլոր ջանքերը կենտրոնացնել պետության զարգացման կարևորագույն խնդիրների վրա»: