Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ Հունգարիան կխնայի երեք միլիարդ եվրո, որը երկիրը մինչ 2015-ի ավարտը օգտագործվելիք գազի համար պետք է վճարեր Գազպրոմին: Այս մասին ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Րիա Նովոստին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որոնցից մեկի համաձայն Բուդապեշտը հնարավորություն կունենա ստանալ 1996 թվականին կնքված պամաձայնագրով նախատեսված գազի չօգտագործված քանակը:
Օրբանը նաև հայտնել է, որ Հունգարիայի կառավարությունը խոստացել է չվերավաճառել գազ Ուկրաինային: Բացի այդ, Բուդապեշտը մտադիր չէ սատարել էներգամիություն ստեղծելու ԵՄ նախաձեռնությունը, որով երկրները ստիպված կլինեն ԵՄ հետ համաձայնեցնել գազային պայմանագրերի ստորագրումը:
Կառավարության ղեկավարն ասել է, որ Հունգարիան ռուսական գազը գնում է խորանարդ մետրի դիմաց վճարելով 260 դոլլար և այդ գինն ընդունելի է երկրի համար:
Ավելի վաղ, Օրբանը հայտատրարել էր, որ Հունգարիան հետաքրքրված է ռուսական գազի տեղափոխման ծրագրով, անգամ «Հարավային հոսքի» շրջանակներից դուրս: Նրա խոսքով, «ինչ էլ որ փոխարինելու լինի «Հարավային հոսքին», կառավարությունը կաշխատի փոխգործակցության ուղիներ գտնել»: