Ֆրանսիան անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Հունաստանը պահպանի իր տեղը Եվրոպայում և եվրագոտում, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը՝ Խորհրդարանի ստորին պալատում արած իր ելույթում:
Պաշտոնական Փարիզը մտադիր է մինչև շաբաթվա վերջ պայմանագիր կնքել Հունաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապեն հայտարարել է, որ անհրաժեշտ է Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, սակայն այն պայմանով, որ վերջինս կկատարի ԵՄ պահանջները:
Գերմանիան, իր հերթին, հրաժարվել է Հունաստանի աջակցության ծրագիրը ևս կես տարով երկարացնելուց, հաղորդում է BBC-ն: Գերմանիայի Ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ դա խնդիրը չի լուծի, և Հունաստանը փորձում է միջանկյալ ժամանակ շահել՝ չբավարարելով իր առջև դրված պահանջները:
ԵՄ-ի կողմից Հունաստանին աջակցության ծրագիրն ավարտին է մոտենում փետրվարի 28-ին, և ծրագրի չերկարացման դեպքում երկիրը կարող է ֆինանսական նոր ճգնաժամի առաջ կանգնել: Հունաստանում իշխանության եկած նոր կառավարությունն, իր հեթին, հրաժարվել է կատարել ԵՄ-ի կողմից Հունաստանին առաջադրած պահանջների մի մասը:
ԵՄ երկրների ֆինանսների նախարարներն այսօր կքննարկեն հարցը արտահերթ նիստի ընթացքում: