Եթե չլիներ Շարժումը, Արցախը կհայաթափվեր

13:01     20 փետրվարի, 2015

 

 

 

Արցախյան շարժման 27-ամյակին Արմեդիա ՏՎԳ-ն զրուցել է շարժման ակտիվիստներից և 1988-ի իրադարձությունների ականատեսներից Ռազմիկ Պետրոսյանի հետ:

 

 

 

- Այսօր Արցախյան շարժման 27-ամյակն է: Տարիներ անց ինչպե՞ս եք գնահատում նրա նշանակությունը:

 -Եթե չլիներ շարժումը, ղարաբաղցիներին ամբողջովին կվտարեին Արցախից, նրանք արդեն պատրաստվում էին մեզ հանել այստեղից: 1988 թվականից սկսվեց պաշտպանությունը, և հենց այդ պաշտպանության շնորհիվ նրանց չհաջողվեց իրագործել իրենց մտադրությունը:

 

-Ինչպե՞ս սկսվեց Արցախյան շարժումը: Ինչպե՞ս տարածվեց վերամիավորման գաղափարը:

-Վերջին տարիներին ադրբեջանական իշխանությունները բազմաթիվ սխալներ էին գործել: Նրանք փակեցին Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտը, բերեցին Ստեփանակերտ՝ այն դարձնելով հայկական և ադրբեջանական, ընդ որում, հայերն ու ադրբեջանցիները հավասար քանակով էին ընդունվում: Աղդամում փակեցին բժշկական տեխնիկումը, հետո ադրբեջանական բժշկական տեխնիկում վերաբացեցին Ստեփանակերտում: Նրանք ծրագրում էին, որ ավելի քան 2500 ադրբեջանցիներ պետք է սովորեին Ստեփանակերտում վերաբացված տեխնիկումներում: Բոլոր դեղատներում ադրբեջանցիներ էին աշխատում: Այս գործողություններից հետո ժողովրդի շրջանում աճում էր վրդովմունքը:

Սակայն սա առաջին անգամը չէր, երբ ադրբեջանական իշխանությունները դիմում էին նման քայլերի: 1966-67 թվականներին ևս դժգոհությունն այնքան մեծ էր, որ մտավորականությունը, այդ թվում` գրողներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ, ստորագրություններ էին հավաքել և նամակ ուղարկել Մոսկվա՝  խնդրելով միավորվել Արցախը Հայաստանի հետ: Սակայն նրանց բոլորին աշխատանքից ազատեցին: Ադրբեջանական իշխանությունները դեռ այն ժամանակից էին սկսել իրագործել իրենց ծրագրերը:

Հենց այդ պատճառով էլ Արցախյան շարժումը համաժողովրդական բնույթ է կրել, մենք մեր ողջ կյանքում պայքարել ենք:   


© armedia.am