Թուրքիայի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը, որի ստեղծման շուրջ Թուրքիան բանակցություններ է վարում չինական ընկերության հետ, չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազը:
Միաժամանակ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ Ջելլելեթին Յավուզը TodaysZaman-ի թղթակցին հայտնել է, որ չինական առաջարկը եղել է լավագույնը 2013թ անցկացված մրցույթի ժամանակ, քանի որ կազմակերպությունը համաձայնել է Թուրքիա տեղափոխել մեծ թվով տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա հակահրթիռային պաշտպանության համակարգի հիմնական մասը ձևավորել հենց Թուրքիայում: Պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ մոտ 4մլդ դոլար արժողությամբ այս ծրագիրը իրականցվելու է արտաքին ֆինանսավորմամբ:
Սակայն պաշտպանության նախարարի փոխանցմամբ Անկարան այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չի կայացրել և շարունակում է բանակցությունները չինական կողմի հետ: Միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում նաև ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ:
Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ վերջին շրջանում Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում նկատվող լարվածության պայմաններում համագործակցությունը Չինաստանի հետ կարող է դիտարվել որպես Թուրքիայի կողմից այլընտրանքի որոնման փորձ: Արդեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիայի համագործակցությունը Չինաստանի հետ կարող է բավականին խնդրահարույց լինել: