ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են այցի արդյունքները

14:37     20 փետրվարի, 2015

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարած իրենց այցից հետո տարածել են մամլո հաղորդագրություն, որտեղ արտացոլել են այցի նպատակներն ու արդյունքները: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Էնդրյուն (Ֆրանսիա)) այցելել են տարածաշրջան փետրվարի 16-19-ը: Նրանց ուղեկցել է նաև ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները հանդիպումներ են անց կացրել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ:  Համանախագահների այցի հիմնական նպատակն է եղել կոչ անել կողմերին խստորեն պահպանել հրադադարը հունվարին տեղի ունեցած բռնության վտանգավոր աճից հետո:

Համանախագահների հետ իրենց քննարկումների ընթացում  կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև համաձայնել են դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարը:

Համանախագահները նախագահների, ԱԳ նախարարների հետ քննարկել են կարգավորման հետագա քայլերը, ինչպես նաև այս տարվա ընթացքում նախագահների ապագա հանդիպման նախապատրաստումը:

Տարածաշրջանում եղած ժամանակ համանախագահները հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ քննարկելու ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց վերաբերող հարցերը: Նրանք նշել են 2014թ. հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ անհետ կորած անձանց մասին ԿԽՄԿ հովանու ներքո տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»: 


© armedia.am