Դանիայի կառավարությունը մտադիր է 130 միլիոն դոլլար հատկացնել ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ-Շմիտը հայտարարել է. «Դանիան ունի թշնամիներ և մենք դա գիտենք: Սակայն դրանք թշնամիներ են, որոնցից մենք կարող ենք պաշտպանվել: Կարիք չկա քննարկելու, թե արդյո՞ք մեզ անհրաժեշտ է ահաբեկչությունից պաշտպանության բարձր մակարդակ»:
Մասնավորապես, 56 միլիոն դոլլար կհատկացվի «Իսլամական պետության» շարքերը համալրելու մեկնած դանիացիների նկատմամբ հսկողություն սահմանելու համար: Եվս 31 միլիոն կհատկացվի ներքին հետախուզական ծառայությանը: Միևնույն ժամանակ կավելացվի հատուկ նշանակության ջոկատայինների թիվը:
Նշենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումների թիվն աճել է նախորդ շաբաթ տեղի ունեցած դեպքերի արդյունքում: Նախորդ շաբաթ Կոպենհագենում իրականացվել է երկու ահաբեկչական գործողություն, որոնց արդյունքում երկու մարդ մահացել է և հինգը վիրավորվեն են: Ահաբեկչությունների հեղինակը 22-ամյա արաբական ծագմամբ դանիացի Օմար ալ-Հուսեինն էր: