Նավթային բիզնեսը բավականին բարդ ժամանակաշրջան է ապրում: Նավթի գների անկումը 50 տոկոսով վերջին վեց ամսվա ընթացքում ստիպում է նավթային մեծ և փոքր ընկերություններին կրճատել իրենց ծախսերը: Ցանկացած կազմակերպության խոշորագույն ծախսերից են համարվում աշխատավարձերը, հետևաբար ցածր եկամտի պայմաններում աշխատատեղերի զգալի կրճատումներ են տեղի ունենում: Վերջին ժամանակահատվածում նավթային ընկերությունների եկամուտները կրճատվել են 40 տոկոսով: Շուկայում կարող են գոյատևել միայն այն ընկերությունները, որոնք ի վիճակի են ցածր ծախսերով արդյունահանում կատարել և պահել իրենց դիրքը: Փոքր կազմակերպությունների մի մասը միանում են մեծերին՝ խուսափելով ավելի մեծ կորուստներից: Եթե նավթ արդյունահանող կազմակերպությունը չփորձի կրճատել իր ծախսերը և իջեցնել գինը, դա կարող է անել մեկ այլ մրցակից կազմակերպություն, որն էլ կշահի շուկայում, հետևաբար ցածր գները դեռևս պահպանվում են:
Իհարկե նավթի համաշխարհային գների անկումը 50 տոկոսով նվազեցրել է համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գները, ինչին էլ հետևել է ծառայությունների գների անկումը, բայց այս ամենի հետ մեկտեղ խիստ կրճատվել են նաև աշխատատեղերի քանակները:
Նավթային բիզնեսի գիգանտ Halliburton-ը ասել է, որ պատրաստվում է կրճատել 6,400 աշխատատեղ: Սրանից առաջ Baker Hughes-ը, որը միաձուլման գործընթացում է Halliburton-ի հետ, հայտարարել է, որ կրճատում է 7,000 աշխատատեղ: Մեկ այլ նավթային գիգանտ Schlumberger-ը կրճատում է 9,000 աշխատատեղ: Աշխարհում ավելի քան 100,000 արդյունաբերություններ հայտարարել են իրենց կրճատումների մասին: Կրճատումները շարունակվում են ոչ միայն նավթարդյունաբերական ոլորտում, այլև էներգիայի արտադրության և մատակարարման մյուս ճյուղերում, ինչպես նաև բիզնես այն ոլորտներում, որոնք գիտական ծառայություններ, սարքավորումներ և ապահովագրություն են մատակարարում նավթային բիզնեսին:
Նավթային բիզնեսի մասնագետները նշում են, որ ծախսերի կրճատումները բարձրացնում են պատահարների ռիսկի գործոնը, ինչն էլ վնասելու է աշխատողներին: Ծախսերի կրճատումը նաև չի բացառում շրջակա միջավայրին վնասելու հավանականության աճ (աղբյուրը՝ npr.org):
Մակրոտնտեսական առումով տեսականորեն կարելի է կանխատեսել, որ երկրում գործազրկություն չի առաջանա: Թեև նավթի գների անկումը ստիպում է կրճատել կազմակերպության ծախսերը, ինչն էլ հանգեցնում է աշխատատեղերի կրճատման, այնուամենայնիվ նավթի գների անկումը դրական է ազդում արդյունաբերության այն ճյուղերի վրա, որոնց արտադրանքի ստեղծման համար կիրառվում է նավթամթերք, սրան հետևում է տվյալ արտադրատեսակի արտադրության քանակների ավելացում: Արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ավելացնել նաև աշխատողների թիվը: Այսպիսով տեսականորեն կարելի է նշել, որ նավթարդյունահանող երկրների տնտեսության մեջ կնկատվի աշխատողների հոսք արդյունաբերության մի ճյուղից դեպի մյուսը: Չնայած այս տեսակետը բավականին տրամաբանական է թվում, սակայն գործնականում գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք տեսականորեն անհնար է հաշվարկել: Այդպիսի գործոն է օրինակ՝ աշխատավարձի չափը արդյունաբերական մյուս ոլորտներում, մասնագիտությունը, մարդկանց նախընտրությունները և հոգեբանական որոշ գործոններ: Արդյունքում տնտեսական հավասարակշռության վերահաստատման համար կպահանջվի բավականին ժամանակ: