Ադրբեջանը հայտնում է սպանված զինծառայողի մասին

15:54     22 փետրվարի, 2015

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, թե փետրվարի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ» սկիզբ առած մարտում սպանվել է ադրբեջանական զինուժի զինծառայող Ջավադով Զելիմխան Էյբալօղլուն։

Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանի կամ շփման գծի որ հատվածում է գրանցվել միջադեպը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շուրջ 900 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ինչպես նշվել էր,  «ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»:

Նշենք նաև, որ փետրվար ամսին սա Ադրբեջանի բանակում հայտնի դարձած մահվան ելքով 2-րդ միջադեպն է, 8-րդը՝ տարեսկզբից ի վեր։ Նշենք նաև, որ հայտնի դարձած բոլոր 8 կորուստները հակառակորդը կրել է մարտական պայմաններում։


© armedia.am