Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ

14:04     23 փետրվարի, 2015

Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի ղեկավարներ՝  Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ջոն Քերին հանդիպել են կիրակի օրը՝ շարունակելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է ТАСС-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել «Նախագահ Վիլսոն» կոչվող հյուրանոցում: Օրվա երկրորդ կեսին՝ Ժնև ժամանելուց անմիջապես հետո, Քերին ուղևորվել է Ջավադ Զարիֆի հետ հանդիպման: Հանդիպումը սկսելուց հետո երկու երկրների արտաքին գործերի ղեկավարները միայն մեկ անգամ են լքել հյուրանոցը՝ Ժնևի լճի շրջակայքում զբոսնելու նպատակով:

Երեկոյան, Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի  հարցերով կազմակերպության ղեկավար՝ Ալի Աքբար Սալեհին, և ԱՄՆ էներգետիկայի նախարար՝ Էռնեստ Մոնիցը,  միացել են բանակցողներին:

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ամենևին հակված չէ» ևս մեկ անգամ երկարաձգել բանակցությունների վերջնաժամկետը: Միևնույն ժամանակ ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նաև հավելել էր, որ Իրանի հետ բանակցություններում պահպանվում են «էական անհամաձայնություններ»:  

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի կարծիքով՝  «միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները  պետք է պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացին զուգահեռ ընթանան» ,-  հաղորդում է ТАСС-ը:

Զարիֆը նաև  հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության «չի գտել ապացույցներ, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ չի կրում»: «Մենք ստիպված ենք եղել շատ բան զոհաբերել՝ ապացուցելու, որ մեր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում»,-նշել է նա:

Բանակցությունները շարունակվում են նաև այսօր, և ամենայն հավանականությամբ կշարունակվեն ամբողջ օր, հայտնում են արևմտյան աղբյուրները:

 

 


© armedia.am