Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել եվրոպական քաղաքական գործիչներին մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ասելով, թե այս պարագայում անհնարին է երկխոսություն վարել, հաղորդում է սլովակյան Teraz պարբերականը: Ֆիցոն նշել է նաև, որ այդ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում իր երկրի տնտեսությանը. ընկերություններ են փակվում, գործազրկություն է առաջանում:
Պատժամիջոցների նպատակը Մոսկվայի դիրքորոշումը փոխելն էր, սակայն Սլովակիայի վարչապետի խոսքով, ոչ մի փոփոխություն էլ տեղի չունեցավ: Նա գտնում է, որ «ռազմական լուծումն անընդունելի է Ուկրաինայի համար»:
Միաժամանակ Եվրամիությունն, անհանգստանալով, որ Հունգարիան նույնպես կարող է հանդես գալ պատժամիջոցների դեմ, պատրաստվում է խոչընդոտել ՌԴ-Հունգարիա ատոմային պայմանագրի իրականացմանը: Բանն այն է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բուդապեշտը «Ռոսատոմին» է հանձնարարել Հունգարիայի միակ՝ Պակշի ատոմակայանի համար երկու նոր ռեակտորների նախագծումը, կառուցումն ու սպասարկումը:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների միջուկային վառելիքի մատակարարման մասին բոլոր համաձայնագրերը պետք է համաձայնեցվեն Եվրատոմի հետ: Եվ եթե Բուդապեշտը հանդես գա պատժամիջոցների դեմ, ապա Բրյուսելը կարող է կամ վետո կամ էլ արգելման տուգանք դնել, իսկ դա կնշանակի միջամտություն ազգային էներգետիկ քաղաքականությանը: Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել է, որ էներգետիկ քաղաքականության հարցերը երկրի ինքնիշխանության հարցեր են: