Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում ձայների 90 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որը կարգավորում է Հայաստանում ռազմական արդյունաբերության գործունեությունը:
Ինչպես նշում է razm.info-ն, «ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է:
Օրենքը ռազմարդյունաբերական ոլորտի քաղաքականության նպատակ է սահմանում ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ճյուղի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ: