Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ «Թուրքիան ոչ միայն աջակցում է իր գործակալներին՝ «Իսլամական պետությանը» և «Ջաբհաթ Ան-Նուսրային», այլ նաև փետրվարի 22-ին կոպիտ սադրանքի է դիմել Սիրիայի դեմ»: Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, ագրեսիայի նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Ստամբուլում Սիրիայի հյուպատոսին Սուլեյման շահի դամբարանը տեղափոխելու մտադրության մասին, սակայն չի սպասել սիրիական կողմից համաձայնությանը, ինչպես որ նախատեսվում է 1921 թվականի Թուրքիայի և ֆրանսիական օկուպացիոն ուժերի միջև կնքված համաձայնագրով»: Սիրիային ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ թուրքական մտադրությունների անկեղծությունը կասկասի տեղիք է տալիս, քանի որ դամբարանը տեղակայված է Ռաքքա նահանգում, որը վերահսկվում է ԻՊ-ի զինյալների կողմից: Վերջիններս շարունակ ավերում են շրջանի մզկիթները, եկեղեցիներն ու դամբարանները, սակայն Սուլեյման շահի դամբարանը մինչ այժմ որևէ հարձակման չի ենթարկվել իսլամիստների կողմից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի և այս ահաբեկչական կազմակերպության միջև առկա սերտ կապը: Իր հերթին, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվի այս ագրեսիվ քայլի համար, և Սիրիան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ ձևով պատասխանել այդ ագրեսիային և պաշտպանել իր տարածքները։
Հիշեցնենք, որ Թուրքիան տարհանել է Սուլեյման Շահի դամբարանը ու պատվո պահակախմբի անձնակազմը Սիրիայի հյուսիսում տեղակայված Էշմե քաղաք, որը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ: Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սուլեյման Շահի դամբարանի և պահակախմբի տարհանման գործողությունն ավարտվել է 2015 թվականի փետրվարի 22-ին: Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում շարունակվող բախումներն ու իրավիճակի անկայունացումը լրջորեն սպառնում էին Սուլեյման շահի դամբարանի անվտանգությանը, որը գտնվում էր թուրք-սիրիական սահմանից 37 կիլոմետր հեռավորության վրա սիրիական Մյունբիչ շրջանի Քարաթոզաք գյուղում, և մտնում էր Թուրքիայի զինված ուժերի Պատվո ոստիկանության կազմի մեջ:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վերոնշյալ հողատարածքը միջազգային պայմանագրերի համաձայն պատկանում է Թուրքիային: «Դամբարանը և Ջաբեր ամրոցին հարակից շենքերը կառուցման օրվանից մինչ այժմ մի շարք ավերածություններ և տարհանումներ են վերապրել: Վերջին անգամ ամբարտակի կառուցման պատճառով 1975 թվականին դրանք տարհանվել են ներկա վայրը», - շեշտվում է հայտարարության մեջ: «Իրավիճակի համապատասխան վերլուծության արդյունքում Սուլեյման Շահի Դամբարանը և պատվո պահակախումբը տարհանվել է նույնքան տարածք ունեցող հողակտոր սիրիական Էսմե գյուղում, որը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ», - նշվում է հայտարարության մեջ:
«Շահ Ֆըրաթ» գործողության հետ կապված մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Սիրիայում գործողությանը ներգրավվել են 39 տանկեր, 57 զրահապատ տրանսպորտային միջոցներ, 100 ավտոմեքենաներ և 572 մարդ»: «Գործողությունը բացառապես հաջող է իրականացվել: Միջազգային իրավունքի տեսանկյունից մեր իրավունքները չեն ոտնահարվել: Որպես հոգևոր արժեք՝ դամբարանը պաշտպանության տակ է վերցվել կրկին սիրիական տարածքում: Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել», - ասել է Դավութօղլուն:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահն անձամբ է հետևել գործողության ընթացքին: Մեկնաբանելով «Շահ Ֆըրաթ» գործողությունը՝ նա հայտարարել է. «Սուլեյման շահի դամբարանը և պատվո ոստիկանությունը, որոնց տեղակայման վայրը նախկինում 2 անգամ փոխվել է, նոր վայրում կշարունակեն ծածանել թուրքական դրոշը և պահպանել մեր նախնիների հիշատակը»:
Դամբարանը համարվում է թուրքական էքսկլավ Սիրիայի տարածքում, որը հսկվում է թուրք զինծառայողների կողմից: Սիրիական հակամարտության ողջ ընթացքում թուրքական ընդդիմությունը զգուշացնում էր, որ կառավարությունը կարող է արկածախնդրության դիմել և Սուլեյման շահի դամբարանի շատպանության պատրվակի ներքո զորքեր մտցնել հարևան Սիրիա: 2014 մարտին տեղեկատվության արտահոսքի արդյունքում պարզ դարձավ, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով դիտարկում է Սիրիա ներխուժելու ծրագիրը և դրա համար հարմար պատրվակ է փնտրում: Հնարավոր տարբերակների շարքում առաջարկվում էր նաև Սուլեյման շահի դամբարանի տարբերակը: