Թուրքիայում Ահմեդ Դավութօղլուի գլխավորած կառավարությունը հայտնվել է քննադատությունների տարափի տակ: Պատճառը կառավարության վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն է, որ բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս:
Ինչպես գիտենք, թուրքական խորհրդարանը քննարկում է անվտանգության մասին օրենքը, որը ներկայացվել է կառավարության կողմից: Թեև թուրքական ղեկավարությունը պնդում է, որ այս օրենքով նախատեսվող միջոցները «համապատասխանում են ԵՄ-ի չափանիշներին և անհրաժեշտ են ազատությունների պաշտպանության համար»` քննադատների կարծիքով այն այնպիսի դրույթներ է պարունակում, որոնք Թուրքիան դարձնելու են ոստիկանական պետություն: Օրինագծի առաջին 10 հոդվածներն արդեն ընդունվել են խորհրդարանում՝ չնայած ընդդիմության բողոքի ցույցերին, որն իշխող կուսակցությանը մեղադրում է հանցագործի պես գործելու մեջ, գրում է Today’s Zaman-ը:
Թուրքական խորհրդարանում ներկայացված բոլոր 3 կուսակցությունները միավորել են իրենց ջանքերը օրինագծի ընդունումը կանխելու համար: «Այս օրինագիծը համապատասխանում է ռազմական դրությանը», - հայտարարել է հիմնական ընդդիամդիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը: Օրինագծի քննադատները նշում են, որ այն լիազորելու է երկրի ներքին գործերի նախարարին և կառավարության կողմից նշանակված մարզպետներին արտակարգ դրություն հայտարարել, սակայն պաշտոնապես դա այլ կերպ է կոչվելու: Այն նաև զգալիորեն ուժեղացնելու է ոստիկանության լիազորությունները:
Բացի այդ, իշխող կառավարությանը մեղադրում են Սիրիա ներխուժելու և Սուլեյման շահի դամբարանը տարհանելու համար՝ նշելով, որ այս գործողությունը վկայում է այն մասին, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մշակած սիրիական քաղաքականությունը տապալվել է: «Դժբախտաբար, սա արտաքին քաղաքական սխալների հետևանք է», - ասել է անկախ պատգամավոր Հաքան Շուքյուրը: «Մենք դարձել ենք մի երկիր, որը մեկուսացված է և պատասխանատու է տարածաշրջանում պատերազմի համար», - թուրք պատգամավորի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը:
Մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայն այս առիթով ասել է. «Երկու խոսքով ասած՝ մեր պապերը շուռ են եկել իրենց գերեզմանում»: Նա հավելել է, որ այս գործողությունը սիրիական քաղաքականության և կառավարության անհիմն հավակնությունների տապալման արդյունք է: