ՀՀ առևտրաշրջանառությունը հունվարին նվազել է. որո՞նք են պատճառները

18:39     23 փետրվարի, 2015

Հայաստանի հանրապետության վիճակագրական վարչությունը հրապարակել է 2015 թվականի հունվար ամսվա արտաքին առևտրի ցուցանիշները: Այն կազմել է 129.7 մլրդ դրամ (272.5մլն դոլար): Արտաքին առևտրաշրջանառության 2015թ. հունվարի ցուցանիշը 2014թ. դեկտեմբեռի նկատմամբ կազմել է 51.8, իսկ 2014թ. հունվարի նկատմամբ՝ 69.6 (աղբյուրը՝ armstat.am): Այս ինդեքսները ցույց են տալիս, որ 2015թ.-ին մեկ ամսվա ընթացքում առևտրաշրջանառությունը պակասել է 48.2%-ով, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 30.32%-ով: Ցուցանիշի ցածր լինելը հետևյալ կերպ է բացատրվում ՀՀ Էկանոմիկայի նախարարության կողմից.

  1. 2015թ. հունվար ամսվա արտաքին առևտրի ցուցանիշները ամբողջական չեն, քանի որ ԵՏՄ (Եվրասիական Տնտեսական Միություն)  երկրների միջև առևտրաշրջանառության տվյալները ամփոփված չեն:
  2. Դեռևս առկա են  ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություներ՝ կապված ընթացակարգերի հետ, ինչպիսիք են՝ մաքսային ձևակերպումները, մաքսային վարչարարությունը, փաստաթղթաբանություն և այլն:
  3. Ռուսական ռուբլու արժեզրկման և դոլարի կտրուկ բարձրացման հետևամքով արտահանման գների լրացուցիչ ճշգրտման կարիք է առաջացել, քանի որ արտահանման և ներմուծման ոլորտում ՌԴ-ի հետ կնքված պայմանագրերի մի մասը դոլարով է: Այս դեպքում արտահանող ապրանքները Էականորեն թանկանում են ռուսական ներմուծողի համար (ավելի շատ ռուբլի պետք  է վճարի), իսկ ռուբլով կնքված պայմանագրերի դեպքում արտահանվող ապրանքների գինն էժանանում է հայ արտահանողի համար (սա ունի բացասական ազդեցություն արտահանման վրա):
  4. Արտահանման ծավալների գումարային արտահայտությամբ նվազումը բացատրվում է նաև համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, ինչպես օրինակ՝ պղնձի, մոլիբդենի: Իսկ Հայաստանը արտահանում է իրականացնում նշված հումքերի գծով:
  5. Ոչ կարևոր, սակայն ազդող գործոն կարելի է համարել նաև այս տարվա հունվար ամսվա ընթացքում աշխատանքային օրերի քիչ քանակը 2014թ. հունավարի կամ դեկտեմբերի համեմատությամբ (աղբյուրը՝ mineconomy.am):

 

Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ ՀՀ արտահանողի համար դոլար-ռուբլի հարաբերակցության ներկա իրավիճակում ավելի նպատակահարմար է պայմանագրերը կնքել դոլարով, իսկ ներմուծման դեպքում հայ գործարարին ավելի շահավետ է ռուբլով գործարք իրականացնել: Կանխատեսումները ցույց են տալիս, որ  Ռուսաստանի դեմ կիրառվող համաշխարհային սանկցիաները թույ չեն տա ռուբլու կտրուկ բարձրացում, ինչքան էլ այն տարվա ընթացքում արժևորվի: Այս պարագայում լավագույն տարբերակը կլինի հեյջինգի կիրառումը (անգլերենից թարգմանաբար hedge), սա ֆինանսական ռիսկերի կառավարման գործիք է, ինչը հնարավորություն է տալիս ապահովել որոշակի շահույթ փոխարժեքի ցանկացած գնի դեպքում:


© armedia.am